Ապրիլի 5-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Վատիկանում կբացեն Գրիգոր Նարեկացու քանդակը։ Այդ մասին հաղորդում է ''The Armenian Weekly''-ն։
Արարողության մանրամասները քննարկելու նպատակով Վատիկան են ժամանել ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի միաբան, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե վարդապետ Անանյանը։
Նշենք, որ Գրիգոր Նարեկացին (մոտ 951-1003) հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա է: Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և մինչ օրս էլ հայկական ընտանիքներում պահում են Աստվածաշնչի կողքին։
Նարեկացին սրբադասել է ոչ միայն հայկական եկեղեցին. 2015թ-ի փետրվարին Վատիկանը նրան հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ։