Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում նման համոզմունք հայտնել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ մեծապես կարևորելով սպարապետի դերը բանակի կազմավորման գործում: Այսօր էլ ՀՀ զինված ուժերն այնպիսին են, ինչպիսին կցանկանար տեսնել Վազգեն Սարգսյանը: «Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած պատերազմի և ոչ միայն պաշտպանողական քաղաքականություն ենք վարում, այլ կարող ենք հակազդել ցանկացած հարձակման», - ասել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ երբևիցե Ադրբեջանի արտաքին քաղաքական հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չեն եղել: «Նրանք, սկսած 1992 թվականից, Շուշիում «թեյ են խմել», Սևանում՝ «ձուկ որսացել»: Միշտ ցանկություն ունեցել են, բայց դա որևէ բան չի նշանակում», - ասել Հակոբյանը: