Միջազգային հանրությունը մարդասիրական և խաղաղասիրական գործունեության նպատակով վերջին 10 տարիների ընթացքում 233 մլրդ դոլար է ծախսել այն երկրներում, որտեղ ճգնաժամ է, ինչպես նաև փախստականներին ընդունելու համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսպիսի տվյալներ հրապարակել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ է արել երկրներին հակամարտություններին արձագանքելու ռազմավարությունից անցնել նոր մոտեցման, որը նախատեսում է ճիշտ ժամանակին քայլերի ձեռնարկում՝ կանխելու ճգնաժամերը: Նա հիշեցրել է 2005 թվականին խաղաղաշինության նպատակով ստեղծված ՄԱԿ հիմնադրամի մասին, որը ֆինանսավորում է ճգնաժամի եզրին կանգնած երկրների կայունացմանն ուղղված ջանքերը: Ներկա պահին հիմնադրամի կապիտալը կազմում է 250 միլիոն դոլար, և Գուտերեշը կոչ է արել պետություններին կրկնապատկել այդ գումարը:
Նրա խոսքով, խաղաղաշինական ծրագրերը ֆինանսավորելու հարցում պետությունների անկարողությունը «խափանում է կյանքեր փրկելուն, երկրների կայունացմանը, մարդկանց տառապանքները մեղմելուն և բնակչության խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված ջանքերը: Վերջին 10 տարիների ընթացքում միջազգային հանրությունը մարդասիրական և խաղաղասիրական գործունեության նպատակով 233 մլրդ դոլար է ծախսել այն երկրներում, որտեղ ճգնաժամ է, ինչպես նաև փախստականներին ընդունելու համար», - հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը: