ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին ներկա է գտնվել «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը և ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովին: Նշենք, որ համաժողովը նախաձեռնել են Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական և կրթական կենտրոնների միավորում» ու «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունները:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդես է եկել ելույթով.
«Համաժողովի հարգելի մասնակիցներ,
հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարերի պատմություն: Դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանում երկու ժողովուրդների միջև ձևավորվել են տնտեսական, ռազմական, քաղաքական և մշակութային կապեր, որի մասին խոսել են հայ անվանի պատմիչ Ստեփանոս Ասողիկը և ռուսական պատմագրության հայր Նիկոլայ Կարամզինը:
18-րդ դարի սկզբից հայ-ռուսական հարաբերություններում սկսվել է նոր էջ, որը կապված է Իսրայել Օրու, իսկ այնուհետև Հովսեփ Էմինի և Շահամիր Շահամիրյանի՝ Ռուսաստանի օգնությամբ հայոց պետականության վերականգնման ձգտման հետ:
Նույն այդ ժամանակահատվածում Ռուսական կայսրության ներկայացուցիչները հայտնի զորավար Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ բանակցություններ են վարել Ռուսաստանի հայոց եպիսկոպոսության հետ: Այդ բանակցությունների հիմքում դեռևս 18-րդ դարում հայոց պետականությունը մայրաքաղաք Երևանով վերականգնելու գաղափարն էր դրված:
Ռուսաստանի պետական շահի և հայ ժողովրդի ազատագրական պայքարի համընկնումը հանգեցրեց նրան, որ 19-րդ դարում Կովկասում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում հայ ժողովուրդը հիմնականում օժանդակում էր ռուսներին:
Հարգելի գործընկերներ,
1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքումը, իսկ այնուհետև Հայկական մարզի ստեղծումը կարևոր քայլ էին հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին: Հայկական մարզն ուներ սեփական զինանշան հայկական խորհրդանիշերով՝ Արարատ լեռը Նոյյան տապանով և Սուրբ Էջմիածինը: Հայկական մշակույթը զարգացման նոր խթան ստացավ:
Հայերը և ռուսներն ուս ուսի տված կռվում էին ռուս-թուրքական պատերազմներում թե Առաջին աշխարհամարտի, թե Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հենց Վալերիան Մադաթովի, Միքայել Լոռիս-Մելիքովի, Հովհաննես Բաղրամյանի և Հովհաննես Բաբաջանյանի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից:
Համաժողովի հարգելի մասնակիցներ,
այսօր հայ-ռուսական հարաբերություններն ունեն հիրավի դաշնակցային բնույթ. դրանք դինամիկ զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ մշակութային ուղղություններով և բխում են մեր երկու երկրների ու ժողովուրդների շահերից:
Արդյունավետ աշխատանք եմ մաղթում համաժողովի բոլոր մասնակիցներին»: