Հայաստանի Հանրապետության կառավարության՝ մարտի 6-ին կայացած նիստում որոշում է ընդունվել Լոռու մարզում միջազգային ստանդարտներով լեռնադահուկային կենտրոնի ստեղծելու մասին: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության մասին որոշում: Կառավարության որոշման մասին լուրը փոխանցում է Banks.am-ը:
Որոշման համաձայն, լեռնադահուկային կենտրոնը կտեղակայվի Անտառաշեն և Լերմոնտովո համայնքների տարածքում, որտեղ այդ նպատակով կիրականացվի 30 մլրդ դրամի ներդրում:
Ծրագիրը հետապնդում է զբոսաշրջության զարգացման, դիվերսիֆիկացման և միջազգային շուկայում Հայաստանի զբոսաշրջային մրցունակության բարձրաման նպատակները:
Հաղորդվում է, որ Լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Ծրագրի շրջանակում կկառուցվեն 3 ճոպանուղիներ եւ լեռնադահուկային ուղիներ: Նախատեսվում է, որ կենտրոնը կգործի ամբողջ տարի և կընդունի օրական 2000 այցելու: