Թվում էր, որ մարտի 8-ի տոնի ստեղծման մասին լեգենդները այնքան հին են, որքան աշխարհը, և բոլորը գիտեն դրանց մասին: Բայց պարզվում է, որ դեռ բացահայտելու շատ բաներ կան...
Տոնի ծագումնաբանության հետ կապված ԽՍՀՄ-ը նշում էր, որ մարտի 8-ի նշանավոր ավանդույթը կապված է Նյու Յորքի տեքստիլ աշխատակցուհիների կողմից 1857 թվականին այդ օրը տեղի ունեցած «դատարկ թավաների երթով»: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», նրանք բողոքում էին անընդունելի աշխատանքային պայմանների և ցածր աշխատավարձերի դեմ:
Սակայն կա նաև այլ կարծիք, որը բավականին սկանդալային է ու շատ տհաճ: Ասում են, որ 1857թ.-ին Նյու Յորքում կանայք իսկապես բողոքել էին, բայց ոչ թե տեքստիլի աշխատողները՝ այլ մարմնավաճառները: Ամենահին մասնագիտության տեր կանայք պահանջում էին նավաստիներից վճարել իրենց ծառայությունների դիմաց, սակայն վերջիններս վճարելու գումար չունեին:
1894թ. մարտի 8-ին, Փարիզում, մարմնավաճառները նորից ցույցի դուրս եկան: Այս անգամ նրանք պահանջում էին ճանաչել իրենց իրավունքները հավասար հիմունքներով նրանց հետ, ովքեր հագուստ էին կարում կամ հաց թխում, և ստեղծել հատուկ արհեստակցական միություններ: 1895թ. Չիկագոյում և 1896թ. Նյու-Յորքում նման ցույցերը կրկնվեցին, իսկ 1910թ. որոշվեց մարտի 8-ը հայտարարել կանանց միջազգային օր՝ Կլարա Ցետկինի առաջարկությամբ: 1910 թվականին Կոպենհագենում կայացած կանանց համաժողովում գերմանացի կոմունիստ Կլարա Ցետկինը կոչ արեց աշխարհին սահմանել մարտի 8-ը որպես Կանանց միջազգային օր:
Այս տոնը ԽՍՀՄ բերվեց Ցետկինի բարեկամուհի, կրակոտ հեղափոխական Ալեքսանդրա Կոլոնթեյի կողմից: Մարտի 8-ը ԽՍՀՄ-ում տոն հռչակվեց 1921թ., միայն թե խորհրդային տարբերակում մարմնավաճառները փոխարինվեցին «աշխատող կանանցով»:
Կանանց նվիրված ժամանակակից տոնն այլևս չունի հավասարության հաստատման նպատակը, այլ համարվում է գարնան, կանացի գեղեցկության, քնքշության, հոգևոր իմաստության և կնոջ նկատմամբ ուշադրության օր՝ անկախ նրա կարգավիճակից և տարիքից:
Որոշ երկրներում, մասնավորապես, Հայաստանում, այս օրը ազգային տոն է: Իսկ ինչպե՞ս են մեր քաղաքացիները վերաբերում այս տոնին: «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է պարզել այս հարցի պատասխանը:
Օրինակ, հոգեբան Աննա Վարձելյանը «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ասաց. «Հայաստանում, ինչպես աշխարհի տարբեր երկրներում, կանանց միջազգային տոնը նշվում է շատ ճոխ:
Հիշում եմ, որ Հայաստանի անկախացումից հետո տոնը հանված էր օրացույցից, իսկ ապրիլի 7-ը մայրության ու գեղեցկության օր էր հայտարարվել: Սակայն, չնայած դրան, մարդիկ, ինչպես նախկինում, նշում էին մարտի 8-ը: Մի քանի տարի առաջ կանանց միջազգային օրը կրկին ավելացավ տոնական օրերի օրացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է «կանանց միամսյակ»:
Այս օրը մենք ունենք տոնական միջոցառումներ` համերգներ, թատերական պրեմիերաներ: Հանրային հաստատությունները նախապատրաստում են իրենց տոնական ծրագրերը: Քաղաքում ծաղիկներն ամենուր են և տոնական տրամադրություն է տիրում:
Ես, որպես կին և մայր, հավատում եմ, որ տարվա գարնանային այս տոնը տղամարդկանց համար ամենալավ առիթն է ցույց տալ և ապացուցել իրենց հավատարմությունը, սերն ու երախտագիտությունը մայրերին, կանանց և քույրերին:
Այս տոնի առթիվ ոչ մի կին չպետք է մնա առանց ուշադրության»:
Ուսուցչուհի Անահիտ Բարսեղյանն ասում է. «Ինձ թվում է, որ Հայաստանում այս օրը նշվում է մեծ հաճույքով և պատասխանատվությամբ:
Հայաստանի բոլոր կանայք և աղջիկները սպասում են այս օրվան, նրանք հույս ու հավատ են տածում: Բոլորը պատրաստ են առաջին գարնանային տոնին:
Ինձ համար, ապրիլի 7-ը, ևս կարևոր և անհրաժեշտ օր է, քանի որ տոնը շարունակվում է ամբողջ ամսվա ընթացքում ... Էլ որտե՞ղ կտեսնեք «կանանց միամսյակ» կոչվող տոնակատարությունը»:
«Արմեդիա» ՏՎԳ-ն շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Մաղթում ենք երջանկություն անսպառ ժպիտներ և սեր: