Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է Բաքու: Այցի շրջանակում նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 2 երկրների պաշտպանության նախարարները դեմ առ դեմ են հանդիպել, որից հետո անցկացրել են ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են իրենց ղեկավարած կառույցների համագործակցության հարցերը՝ սպառազինության ստուգման և վերահսկողության ոլորտներում: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2018 թվականի համար երկկողմ համագործակցության ծրագիր: