Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ: Այս մասին ասվում է ԱԳՆ պաշտոնական կայքում։
Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին տեղեկացրել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է գագաթաժողովի կարգախոս՝ «Ապրել միասին»-ի ընտրությունը, երևանյան գագաթաժողովին ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը։
Հանդիպման օրակարգում են եղել նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպումը, Երևանի կենտրոնում տեղակայվելիք Ֆրանկոֆոնիայի ավանում անդամ երկրների ներկայացվածության հարցերը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է դեսպանների՝ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցերին։