Ադրբեջանի իշխանությունները գնացին միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպիտ խախտման՝ գերուն ստիպելով գովերգել իրենց երկիրը։
Այդ մասին NEWS.am-ին է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում օրերս հայտնված տեսանյութը Արցախի գերևարված բնակիչ Արսեն Բաղդասարյանի մասնակցությամբ։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ նման «դիֆերամբները» ստացվել են կտտանքների և բռնության միջոցով։ «Հեռուստացույցով ցուցադրում են Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտումը։ Փոխանակ Արսեն Բաղդասարյանին քարոզչական նպատակներով օգտագործեին, Ադրբեջանի իշխանություններն ավելի ճիշտ կանեին իրենց երկրի իրավիճակի մասին հարցնեին Իլղար Մամեդովին»,- նկատել է Դավիթ Բաբայանը և հավելել. «Օլիգարխները հարստանում են հասարակ մարդկանց հաշվին, Սաֆարովի պես մարդասպաններն ազգային հերոսներ են հռչակվում, իսկ մտավորականությունը լռում է՝ վախենալով բառ անգամ ասել»։
Նշենք, որ Իլղար Մամեդովը ձերբակալվել է Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում 2013թ. հունվարին անկարգություններ հրահրելու մեղադրանքով, իսկ 2014թ. դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Մամեդովին կալանավորել են առանց ապացույցների, իսկ դատապարտման նպատակն է եղել պատժել կառավարությանը քննադատելու համար։