Աստծո գերեզմանի տաճարում հայ և ղպտի հոգևորականների միջև վեճ է սկսվել «բարեբեր կրակի» մասին ռեպորտաժի նկարահանումների ժամանակ, հայտնում է «Новости Израиля» կայքը։
Սուրբ Զատկի նախաշեմին Աստծո գերեզմանի տաճարում հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել Աղոյանը, ով կրակը վառելիս երեք անգամ եղել է Կուվուկլիայում, իսրայելցի լրագրողին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունենում բարեբեր կրակի` երկնքից իջնելու արարողությունը։ Նրա խոսքերով՝ բարեբեր կրակի մեջ ոչ մի առեղծվածային բան չկա. պատրիարքները մոմերի խրձերը վառում են կանթեղից ։ «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց զվարճացնելու համար», - ասել է նա։
Աղոյանի անկեղծությունը վրդովել է ղպտիական եկեղեցու ներկայացուցչին։ Նա պահանջել է դադարեցնել նկարահանումը և հայտարարել է, թե հայը ստում է։ Աղոյանն առարկել է, որ ղպտիները, ի տարբերություն հայերի, կրակի վառելու արարողությանը չեն մասնակցում։
Բարեբեր կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ առաքյալ Պետրոսը, և այն սրբություն է համարվում հավատացյալների համար։