Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչու իրեն չեն ցանկացել ընդգրկել պիոներների շարքերը և ինչպես են կոտրել իր քիթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իհարկե, խուլիգանություն եմ արել։ Սկզբում պարզապես չէին ուզում ընդունել, հետո ընդունեցին։ Սկսեցի զբաղվել ըմբշամարտով, սամբոյով, ձյուդոյով, սկսեցի աստիճանաբար փոխվել, ավելի լավ սովորել»,-ասել է նա «Պուտին» ֆիլմում իր տված հարցազրույցի ժամանակ։
Միաժամանակ Պուտինի խոսքով, առաջին սպորտաձևը, որով զբաղվել է, եղել է բռնցքամարտը։ «Այնտեղ իմ քիթը կոտրեցին, և մինչև այն կլավանար, ես սկսեցի կենտրոնանալ ըմբշամարտի վրա»,-ասել է ՌԴ նախագահը։
Ֆիլմում Պուտինը նաեւ պատմել է իր ծնողների մասին, որոնք միշտ չէ, որ հավանություն են տվել իր՝ սպորտով զբաղվելուն, մտածում էին երաժշտական կրթության մասին, և անգամ բայան են գնել։ «Ես ոչ մի անգամ հորիցս չեմ լսել, որ նա երբևէ իմ ներկայությամբ հայհոյի։ Երբեք»,-ասել է Պուտինը։