Միջազգային հանրությունն արդեն ժամանակն է, որ ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում գրում է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջիկա այցին ԱՄՆ:
«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,-գրում է ԱՄՆ նախկին դեսպանը: Նա ընդգծում է, որ Վաշինգտոնը, ինչպես որևէ այլ երկիր, չի ճանաչում Արցախը, սակայն Բակո Սահակյանին նախորդած նախագահը (Արկադի Ղուկասյանը), ով 1999 և 2002 թվականներին այցելել էր ԱՄՆ, աշխատանքային մակարդակում հանդիպել էր պետդեպարտամենտի պաշտոնյաների: Բացի այդ, Վաշինգտոնում կա Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցիչ:
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Արմինե Ալեքսանյանը՝ Արցախի փոխարտգործնախարարը, վերջերս Եվրախորհրդարանում ասաց. «Ղարաբաղը երկիր է, այլ ոչ թե հակամարտություն»: Արցախի ժողովուրդը պարզապես ցանկանում է ապրել իր կյանքը խաղաղության և ազատության մեջ: Թեպետ Արցախի Հանրապետության կարգավիճակը դեռևս վերջնականորեն որոշված չէ, սակայն Արցախի ժողովուրդն ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս, և չպետք է մեկուսացման մեջ մնա մնացած մարդկության կողմից»,- գրում է Ջոն Էվանսը: