Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ժամանակ Չինաստանի սահմանադրությունում կատարվել են էական փոփոխություններ, որոնք արտացոլում են ինչպես Չինաստանի աճող հավակնությունները, այնպես էլ երկրի գործող առաջնորդ Սի Ծինփինի իշխանության ամրապնդումը: Այսպես, սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որով չեղարկվում է Չինաստանի ղեկավարի և նրա տեղակալի՝ պաշտոնում գտնվելու 5-ամյա երկու ժամկետի սահմանափակումը:
Բացի այդ, սահմանադրության տեքստ է մտցվել Սի Ծինփինի անունը և նրա մտքերը «նոր դարաշրջանում չինական առանձնահատկություններով սոցիալիզմի զարգացման մասին»: Սա նշանակում է, որ Ծինփինի հետ ցանկացած բանավեճ երկրի զարգացման վերաբերյալ կարող է դիտարկվել որպես Չինաստանի սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն:
Ծինփինի գաղափարների սահմանադրությունում մտքի կարգավիճակ տալու և այդ կերպ նրան երկրի և ՉԿԿ-ի հիմնադիր Մաո Ցզեդունին հավասարեցնելու մասին հայտարարվել էր դեռևս 2017 թվականի հոկտեմբերին՝ Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի ժամանակ: Նման պայմաններում, բնականաբար, ակնկալվում էր, որ Ծինփինը մոտ ժամանակներում չի պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը, իսկ իր իրավահաջորդին համագումարի ժամանակ չհայտարարելն ասվածի ևս մեկ ապացույց էր:
Ավելին՝ սահմանադրական փոփոխություններով հիմք է նախապատրաստվում նրա իշխանության էլ ավելի ամրապնդման համար: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծում: Սի Ծինփինը, 2013 թվականին գալով իշխանության, բավականին արդյունավետ պայքար է մղում կաշառակերության դեմ՝ դրանով մաքրելով կուսակցության շարքերը և ինչու ոչ՝ պայքարելով այլախոհության դեմ: Ակնհայտորեն այդ ջանքերը նա բավարար չի համարում:
Ինչպես արդեն նշեցինք, Չինաստանի Սահմանադրությունում ավելացվել է կետ, որի համաձայն՝ Չինաստանը մտնում է նոր դարաշրջան չինական առանձնահատկություններով սոցիալիզմի կառուցման միջոցով: Ըստ Ծինփինի՝ Չինաստանն ապացուցել է միակուսակցական կոմունիստական պետության մոդելի կենսունակությունն, և այդ մոդելը պետք է դառնա նոր ընտրություն զարգացող երկրների համար: Սա թերևս գերտերությունների և, մասնավորապես, ԱՄՆ-ի համար ամենամտահոգիչ կետն է Չինաստանի սահմանադրությունում, քանի որ այսպիսով Չինաստանը հայտարարում է համաշխարհային քաղաքականությունում իր դերակատարման ակտիվացման և ազդեցության տարածման հավակնությունների մասին:
Սահմանադրությունում նաև ամրագրվել է, որ Չինաստանի զարգացման հիմնական ուղղություններից հատուկ ուշադրություն է դարձվելու գյուղատնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական հետամնացության կրճատմանը, բնակչության բարեկեցության մեծացմանը: Վերջինս համարվում է Չինաստանի թիվ մեկ առաջնահերթությունն առաջիկա տարիների համար: