Որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության վերաբերյալ CATO ինստիտուտի ավագ գիտաշխատող Դագ Բենդոուի հոդվածը, որը հրապարակվել է The National Interest պարբերականում:
Վաշինգտոնի պաշտոնյաները սովորաբար Թուրքիային կարևոր դաշնակից են կոչում, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կառավարությունը սպառնացել են ԱՄՆ-ի ուժերին՝ Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ զինյալների հետ համագործակցելու համար: Դա, հավանաբար, մեծապես կբարձրացնի Էրդողանի ժողովրդականությունը՝ Թուրքիայի հակաամերիկյան հանրության շրջանում:
Անկարա այցելելուց հետո Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր. «Մենք այսուհետ պետք է միասին գործենք: Մենք մտադիր ենք վայր դնել զենքերը: Մենք մտադիր ենք աշխատել այն խնդիրների շուրջ, որոնք մեզ համար դժվարություններ են առաջացնում, և մենք դրանք լուծելու ենք»:
Այնուամենայնիվ, երկու կառավարությունների միջև բաց հակամարտության սպառնալիքն իրական է, և տարաձայնությունները շարունակում են աճել յուրաքանչյուր նոր օրվա և նոր ռազմական գործողության հետ միասին: Ամերիկյան արժեքներն ու շահերը զոհաբերելու փոխարեն՝ Վաշինգտոնը պետք է հրաժարվի իր երևակայական ակնկալիքներից և ավելի իրատեսական հարաբերություններ հաստատի Էրդողանի հետ:
Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու կառավարություններին:
Սառը պատերազմն ավարտվել է, և Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի որևէ այլ անդամի վրա: Իրոք, ռուսական ինքնաթիռի կործանումից հետո Էրդողանը կայուն կերպով բարելավել է հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ: Անկարան նույնիսկ Մոսկվայից գնել է S-400 հակահրթիռային համակարգեր: Անհեթեթ կլիներ ենթադրել, թե Թուրքիան հավատարիմ կմնար դաշինքում իր ստանձնած պարտավորություններին, եթե Ռուսաստանը պատերազմ սկսեր Ամերիկայի կամ Եվրոպայի հետ:
Ավելին, Անկարան ակտիվորեն խափանել է ԱՄՆ-ի նպատակները Սիրիայում: Կենտրոնանալով Ասադի ռեժիմի տապալման վրա՝ տարիներ շարունակ Էրդողանի կառավարությունը թույլատրել է Իսլամական պետության զինյալներին և տեխնիկային հատել Թուրքիայի սահմանը: Կան նույնիսկ հավաստի մեղադրանքներ, որ Էրդողանի որդին ներգրավված էր ԻՊ-ի հետ նավթային անօրինական առևտրի մեջ:
Թուրքիան քրդական զինված ուժերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկով խափանեց Թրամփի վարչակազմի կողմից քրդերի «սահմանային անվտանգության ուժերի» ստեղծումը Սիրիայի հյուսիսում: ԱՄՆ պաշտոնյաները պնդում էին, որ Անկարայի քաղաքականությունն «օգտակար չէ», և հակասում է իրենց նպատակներին:
Թուրքական արտաքին քաղաքականությունը նույնպես թշնամական է դարձել: Էրդողանի հարաբերություններն Իսրայելի հետ կտրուկ բացասական են դարձել: Ավելացել է նաև լարվածությունը Աթենքի հետ՝ Կիպրոսի խնդրի շուրջ:
Եվրամիության հետ Էրդողանը սկսեց խոսել շանտաժի լեզվով՝ Սիրիայի փլուզումից հետո փախստականներին շանտաժի զենք դարձնելով: Իսկ նախորդ աշնանը՝ քրդերի անկախության հանրաքվեից հետո, սկսեց ռազմական տարբեր գործողություններ սիրիական քրդերի դեմ:
Freedom House-ը դատապարտում է Թուրքիային ոչ միայն այլոց, այլև սեփական ժողովրդի և մարդկանց իրավունքները չճանաչելու մեջ: Պետդեպարտամենտը հրապարակել է յոթանասունհինգ էջանոց զեկույց` Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում` ապօրինի սպանությունների, խոշտանգումների, պատշաճ դատական գործընթացի բացակայության, զանգվածային բանտարկության, ազատ արտահայտվելու իրավունքի խախտման, քաղաքացիական անձանց ոչ պատշաճ պաշտպանության վերաբերյալ:
Թուրքիան այլևս դաշնակից չէ: Երկկողմ հարաբերությունները երբեք կենսական կարևորություն չեն ունեցել: Սակայն դրանք այսօր հազիվ են «պահպանում իրենց գոյությունը»: Անկարային և Վաշինգտոնին պետք չէ լինել հակառակորդներ: Սակայն, բոլոր կողմերը կշահեին, եթե երկու կառավարությունները հրաժարվեին բարեկամություն ձևացնելուց, ինչն այժմ քողարկում է նրանց միջև առկա մեծ հակասությունները: