Նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում լուրջ խոչընդոտներ չկան։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը Բրյուսելից:
«Չգիտեմ, կվավերացվի արդյոք համաձայնագիրն այս տարի, բայց ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում։ Վավերացումը բարդ չեմ համարում, ինչպես Ուկրաինայի պարագայում էր, քանի որ այն ժամանակ Նիդերլանդներում հանրաքվե էր ընթանում, ուստի զգալիորեն երկարձգվեց գործընթացը։ Բացի այդ, այն ավելի խորը համաձայնագիր էր»,- նշել է նա։
«Ինչ վերաբերում է ձեր՝ հայկական կողմին, ապա ձեզ մոտ սահմանադրական փոփոխություններ եղան, դուք նոր վարչապետ եք ունենալու, այդ պատճառով, կարծես թե, ձեր կողմից ամեն ինչ հարթ կընթանա»,- ընդգծել է նա։