Ինչո՞վ է կարևորվում այս փուլում ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական համագործակցության զարգացումը

17:00     14 մարտի, 2018

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատվիրակության այցն ԱՄՆ, որն իր բնույթով աննախադեպ էր նրանով, որ պատվիրակության կազմում էին ներառվել ՀՀ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:  Ըստ էության  նախորդ շաբաթ տեղի ունեցած այցը համարվում էր 2017 թվականին տեղի ԱՄՆ կոնգրեսականների ՀՀ այցի տրամաբանական շարունակությունը: Նկատենք, որ դա ՀՀ անկախությունից ի վեր ամերիկյան ամենամեծ պատվիրակության այցն էր Հայաստան և ներառում էր ներկայացուցիչներ ԱՄՆ թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատական կուսակցություններից:

Ստորև անդրադառնանք ՀՀ պատվիրակութան ԱՄՆ այցի ժամանակ բարձրաձայնված մի շարք կարևոր թեզերին և շեշտադրումներին:

Քննարկումների հիմնական թեմաներից մեկն էր ՀՀ-ԱՄՆ օրակարգում արդիական համարվող հարկային ոլորտում համագործակցության, մասնավորապես, կրկնակի հարկումը բացառելու հետ կապված հարցը: Կրկնակի հարկման բացառումը թույլ կտա հայ և ամերիկյան գործարարներին ավելի ազատ լինել երկկողմ ներդրումների կատարման հարցում՝ կատարելով ներդրումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպես, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկայի զբոսաշրջությունը և առևտրային այլ ոլորտներ:  Այս համատեքստում կարևոր էին օժանդակությունից առևտրային հարաբերությունների անցման շեշտադրումները:

Շրջանառվող մյուս կարևոր թեմաների շարքում էր Հայաստանի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շահառու երկրների ցանկում վերաներգրավելու հնարավորությունը, որի ուղղությամբ ներկայումս ԱՄՆ մի շարք կոնգրեսականների կողմից  ակտիվ աշխատանք է տարվում: Չնայած  հարցի շուրջ հոռետեսների բացասական կանխատեսումներին, իրադարձությունների զարգացման այս փուլում, երբ ՀՀ և ԱՄՆ շեշտ դնում են փոխշահավետ համագործակցության վրա, Հայաստանի համար ծրագրի վերամեկնարկը  կարող է դառնալ ԱՄՆ-Հայաստան համագործակցության խորացման լուրջ խթան՝ ապահովելով համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպես, օրինակ,  գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը և այլ:

Այցի շրջանակներում կարևոր էր նաև ԱՄՆ Կոնգրեսում պատվիրակության հանդիպումը Հելսինկյան հիմնադրամի փորձագետների հետ, որի շրջանակներում քննարկման հիմնական թեման եղել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անցման համատեքստում իրականացվող ներքին բարեփոխումները և այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր եղանակները:

Հիմնվելով այցի ձևաչափի, այցի շրջանակներում քննարկված հիմնական թեմաների, այցի ընտրության ժամկետների վրա՝ կարող ենք անել հետևյալ հիմնական եզրակացությունները.

  • Խորհրդարանական այս ձևաչափով համագործակցությունն ինքնին կարևոր է, քանի որ չի սահմանափակվում միայն իշխող կուսակցությունների միջև համագործակցությամբ, այլ նաև ստեղծում է  համագործակցության նոր հնարավորություններ ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունների, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարբեր կուսակցությունների միջև:
  • Իրադարձությունների զարգացման ներկայիս փուլում, երբ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական  համակարգի, ԱՄՆ հետ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում առավել քան կարևորվում է՝ հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանի իրավասությունների և խորհրդարանական դիվանագիտության դերակատարման մեծացումը:
  • Անցումնային այս փուլում ԱՄՆ հետ ակտիվ համագործակցությունը թույլ կտա նոր թափ հաղորդել երկրում ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացմանը, ինչն էլ կարող է ամուր հիմք ստեղծել նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգի արդունավետ գործունեության համար:
  • Կարևոր էին նաև այցի ժամանակ երկկողմ հարաբերությունների զարգացման տրամաբանության փոփոխության շուրջ շեշտադրումները, որտեղ ընդգծվեց օժանդակությունից անցումն առևտրային հարաբերությունների, ինչն առավել քան համապատասխանում է ԱՄՆ ներկայիս վարչակարգի արտաքին հարաբերությունների ոլորտում վարած քաղաքականությանը:


© armedia.am