Սիրիական Աֆրին քաղաքի խաղաղ բնակչությունը շարունակում է կրել պատերազմի դժվարությունները: Պատճառը, ինչպես հայտնի է, դեռևս հունվարի 20-ին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ, որին Անկարան Քրդական բանվորական կուսակցության նման համարում է ահաբեկչական կազմակերպություն, Թուրքիայի սկսած ռազմական գործողություններն են:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն արդեն հայտարարել է Աֆրինի կենտրոնական հատվածի շրջափակման և ռազմավարական կարևոր շրջաններն իր վերահսկողության տակ վերցնելու մասին: Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերն այժմ պատրաստվում են գործողություններ իրականացնել Աֆրինի կենտրոնական հատվածում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել էր, որ Աֆրինի կենտրոնը շրջափակված է, և թուրքական զինված ուժերը կարող են ցանկացած պահի մտնել այնտեղ: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել էր, որ Թուրքիան նախատեսում է Աֆրինի ռազմական գործողություններն ավարտել մինչև ընթացիկ տարվա մայիս:
Նշենք, որ դիտորդներն արդեն սկսել են խոսել քրդական աշխարհազորայինների պաշտպանության խոցված լինելու մասին: Պաշտոնական Դամասկոսն իր հերթին թուրքական ներխուժումն անվանել է ագրեսիայի դրսևորում:
Այս ֆոնին Աֆրինի բնակիչներն սկսել են հեռանալ քաղաքից, սակայն դա ևս նրանց հեշտությամբ չի հաջողվում: Պատճառն այն է, որ թուրքական զորքերը ռմբակոծում են Հալեպ տանող միակ ճանապարհը: Նշենք, որ Աֆրինի բնակիչներին սարսափ են ներշնչում ոչ միայն թուրքական բանակը, այլև Թուրքիայի կողմից քրդերի դեմ պայքարող զինված իսլամիստները:
Ինչևէ, ի տարբերություն խաղաղ բնակչության, Աֆրինից հրաժարվում են հեռանալ քրդական ինքնապաշտպանական ուժերը: Նրանք մերժել են ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց քաղաքից հեռանալու թուրքական զինվորականների առաջարկը: Քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ իրենք պաշտպանում են սիրիական հողերը և չեն կարող հեռանալ:
Աֆրինում տեղի ունեցող զարգացումների ֆոնին ԱՄՆ-ն՝ ի դեմս ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլի, հայտարարել է, որ պատրաստ է Սիրիայում նոր գործողություններ սկսել, եթե ՄԱԿ-ն ի վիճակի չլինի վերջ դնել Դամասկոսի մոտ գտնվող Արևելյան Ղուտայում ընթացող ռազմական գործողություններին: Ռուսաստանն արդեն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ հարվածելու է ԱՄՆ հրթիռներին և ինքնաթիռներին, եթե ամերիկյան զորքերը փորձեն հարվածել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ և եթե ԱՄՆ գործողություններն սպառնալիք հանդիսանան այդ քաղաքում գտնվող ռուս զինվորականների համար:
Ինչևէ, ըստ որոշ փորձագետների, նման հայտարարությամբ ԱՄՆ-ն պարզապես փորձում է ստուգել Ռուսաստանի արձագանքը՝ հասկանալու՝ արդյոք վերջինս պատրաստ է այս պայքարում գնալ մինև վերջ: