«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Պատարա գյուղում արցախյան ազատագրական պայքարի ժամանակ վիրավորված երկրորդ կարգի հաշմանդամ Արարատ Ավանեսյանի ընտանիքն այսօր բնակարանամուտ է նշել:
«Արցախպրես»-ի հետ զրույցում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասել է, որ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագիրը ծանր պայմաններում հայտնված զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակ ունի. այն գործում է 2016 թվականի ապրիլից:
Նրա խոսքով՝ հիմնադրամի միջոցներով Արարատ Ավանեսյանի ընտանիքի համար գնվել է տունը, կառուցվել և վերանորագվել տան խոհանոցը, սանհանգույցը, աստիճանները, տեղադրվել նոր եվրոպատուհաններ, դռներ և այլն:
«Արարատը մեկն է այն նվիրյալ ազատամարտիկներից, ում շնորհիվ այսօր մենք ապրում ենք ազատ հայրենիքում: Նման ընտանիքներին սատարելը յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունն է»,-ասել է Ռ. Դուդակլյանը: