Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժությունները բավական մեծ քննարկումների առարկա են դարձել: Ինչպես արդեն արձանագրել է ՀՀ ԱԳՆ-ն, տվյալ զորվարժության կազմակերպման մասին ԵԱՀԿ-ին նախապես չի տեղեկացվել: Ըստ ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի, որը ստորագրել է թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, զորավարժությունների մասին անհրաժեշտ է նախապես հայտարարել, եթե դրանցում ընդգրկված են ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, ամենաքիչը 250 մարտական տանկ, ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա, ամենաքիչը 250 հրետանային միջոց: Չնայած փաստաթղթով սահմանված չափորոշիչներին` Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունը, ինչը, կարծես թե, դառնում է արդեն ձեռագիր և հանդիսանում է միջազգային հանրության կողմից կոշտ արձագանքների բացակայության արդյունք:
Ինչ վերաբերում է բուն զորավարժություններին և դրանց նպատակին, ապա պետք է ընդգծել, որ լայնամասշտաբ զորավարժություններ Ադրբեջանում սկսել են կազմակերպվել վերջին մի քանի տարիներին: Նման զորավարժությունների միջոցով Ադրբեջանը փորձում է լուծել տարաբնույթ խնդիրներ՝ ռազմական, քաղաքական և քարոզչական:
Ռազմական առումով, իհարկե, նման զորավարժությունները նախևառաջ բավական կարևոր փորձ են: Ավելին, ըստ տարբեր աղբյուրների, նախնական շրջանում նման զորավարժությունների կազմակերպման գործում ադրբեջանական ուժերին որոշակի աջակցություն են ցուցաբերել Թուրքիայից ժամանակից ռազմական հրահանգիչները: Բավական կարևոր են նաև տվյալ զորավարժությունների սցենարները, որոնք բավական մանրամասն վերլուծության են ենթարկվում նաև հայկական զինված ուժերի կողմից:
Հաշվի առնելով Ադրբեջանում ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների գործոնը՝ միանշանակ կարելի է պնդել, որ լայնամասշտաբ զորավարժությունների կազմակերպումը նպատակ ունի այն ծառայեցնել նախագահ Ալիևի նախընտրական արշավի օգտին: Թեև Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքում Ալիևի հաղթանակն ակնհայտ է, այնուամենայնիվ քաղտեխնոլոգները կրկին սկսել են շահարկել տարիներ շարունակ ձևավորված միֆերը: Դրանցից է «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» միֆը, որը ներկայացվում է որպես նախագահ Ալիևի անմիջական նախաձեռնության և ռազմական ոլորտում կատարված աննախադեպ հատկացումների արդյունք: Իրականում նույն ադրբեջանական ընդդիմադիրները մեկ անգամ չէ, որ բացահայտել են այն կոռուպցիոն սխեմաները, թե ինչպես են բյուջետային հատկացումները հայտնվում ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների օֆշորային հաշիվներում:
Ինչ վերաբերում է խնդիրների երրորդ խմբին, ապա գաղտնիք չէ, որ զորավարժությունները, ռազմական շքերթներն արդեն վաղուց դարձել են նաև հայ-ադրբեջանական քարոզչական պատերազմի անբաժան մաս: Ադրբեջանի կողմից «մկանների ցուցադրումը» մի կողմից նպատակ ունի սեփական հանրության շրջանում ամրապնդել սեփական «անպարտելիության» թեզը, մյուս կողմից պարտվողական տրամադրություններ տարածել Հայաստանի և Արցախի հանրային շրջանակներում: Վերջինիս հետ կապված պետք է ընդգծել, որ չնայած տարիների ընթացքում մեր հանրության մոտ ձևավորված «իմունիտետին», երբեմն հայկական որոշ ոչ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներ դառնում են ադրբեջանական քարոզչության տարածողներ՝ թողնելով բավական բացասական ազդեցություն:
Ամփոփելով կարելի է նշել, որ Ադրբեջանում կազմակերպվող զորախաղերի հետ կապված գնահատականներում ցանկալի է ապահովել սթափ և օբյեկտիվ հայացք՝ խուսափելով դրանք թերագնահատելուց կամ գերագնահատելուց: Միևնույն ժամանակ Բաքվի նման քայլերը ևս մեկ անգամ վկայում են, որ զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք, քանզի հակառակորդն անկանխատեսելի է, իսկ միջազգային հանձնառությունները՝ նրա համար տասներորդական են: