Գրենոբլի հայկական համայնքի ներկայացուցիչները Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին` մայիսի 26-ին, աշխարհի տարբեր ծայրերում ֆլեշմոբ անցկացնելու նախաձեռնությամբ են ներկայացել։ Այս մասին հայտնել է Գրենոբլի մշակույթի տան ադմինիստրատիվ վարչության անդամ Սիրանուշ Խաչատրյանը։
Ֆլեշմոբի ժամանակ նախատեսվում է քոչարի պարել։ Նախաձեռնության մասին նախօրեին տեղեկություն է հրապարակվել միջոցառման ֆեյսբուքյան Արի պարի քոչարի պաշտոնական էջում, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
Կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությանը կաջակցեն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։ Կազմակերպիչների մտահղացման համաձայն` մայիսի 26-ին հայերն իրենց բնակության քաղաքում պետք է քոչարի պարեն, տեսանկարահանեն պարն ու ուղարկեն իրենց։ Ավելի ուշ տեսանյութը կհրապարակվի ֆլեշմոբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։