Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 16-17-ը Ուկրաինա կատարելիք այցի ժամանակ կմասնակցի հայկական սփյուռքի մի շարք նշանակալից միջոցառումների։ Այս մասին AnalitikaUA.net-ին է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը:
Մարտի 16-ին կաթողիկոս Գարեգին Երկրորդը կմասնակցի Ուկրաինայի հայերի միության համաժողովին, որը տեղի կունենա «Hyatt Regency» հյուրանոցում:
Այնուհետև կաթողիկոսը կկատարի Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող հայկական տաճարի հիմքի օրհնությունը: Միջոցառմանը կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, հոգևորականներ։
Ինչպես հայտնել է Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Կարապետ Ղարիբյանը, Կաթողիկոսի՝ Ուկրաինա կատարած այցի շրջանակներում մարտի 17-ին Դնեպրում տեղի կունենա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողությունը:
Նշենք, որ Կիևում կառուցվող տաճարը կլինի Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը: