76 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Նրա ընտանիքի անդամները հայտնել են, որ գիտնականը մահացել է չորեքշաբթի վաղ առավոտյան՝ Քեմբրիջի իր տանը:
Հոքինգը ֆիզիկոս տեսաբան էր: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ:
Դեռ 22 տարեկանում նրա մոտ ախտորոշել էին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ:
Անվերջ կտկտոց. ահա այն ամենը, ինչը հնարավոր էր լսել Սթիվեն Հոքինգի հետ զրուցելիս: Ոչ ձայն, ոչ շարժում, ոչ էլ դեմքի միմիկայի փոփոխություն: Այո, թերևս նրանք, ովքեր ճանաչում էին նրան, հասկանում էին նրա հայացքը, մյուսների համար միակ միջոցը համակարգչային շփումն էր:
Եվ թեև հիվանդությունը զրկել էր գիտնականին՝ մարմնի գրեթե բոլոր մասերը վերահսկելու ունակությունից, նա ապրեց ավելի երկար, քան կանխատեսում էին բժիշկները: Այն փաստը, որ Սթիվեն Հոքինգը, չնայած իր ծայրահեղ ծանր վիճակին, գիտության մեջ նման հաջողությունների է հասել, նրան բացառիկ է դարձնում: Նա կատարյալ օրինակ է, թե որքան ուժեղ կարող է լինել մարդու միտքն ու ոգին:
Սթիվեն Հոքինգը ծնվել է 1942 թ. հունվարի 8-ին: Հոքինգը մեծացել է ոչ հարուստ ընտանիքում և ինչպես հաճախ է պատահում միլիոնատերերի հետ՝ ամեն ինչի հասել է իր ունակությունների շնորհիվ: Այսօր Սթիվեն Հոքինգի կարողությունը կազմում է ավելի քան 20 մլն դոլար: Սակայն դեռահասության տարիներին Հոքինգը ստիպված է եղել մի որոշ հաճախել աղջիկների ավագ դպրոց, քանի որ ծնողները ֆինանսական հնարավորություն չունեին նրան խառը դպրոց ուղարկելու: Իսկ ուսման տեսանկյունից նա շատ հեռու էր գերազանց աշակերտ լինելուց և ստանում էր «միջին» և «միջինից ցածր» գնահատականներ:
Մինչև ութ տարեկանը նա չեր կարողանում կարդալ, շատ տգեղ ձեռագիր ուներ, և ինչպես ինքն էր ասում՝ «չափազանց թափթփված և ծույլ էր»:
Սթիվեն Հոքինգի մասին քիչ բան իմացող մարդկանց թվում է, թե նա այդպես կաթվածահար է ծնվել: Ի դեպ, իր երիտասարդության տարիներին նա շատ ակտիվ է եղել, զբաղվել է սպորտով և մինչև 20 տարեկան առողջական ոչ մի խնդիր չի ունեցել: Օքսֆորդում նա թիավարության թիմի անդամ էր, սիրում էր գնալ ընկերների հետ պարելու կամ դասական երաժշտություն լսելու: Իր առաջին կնոջ հետ նա հանդիպել է հենց համալսարանում:
Հոքինգի հիվանդության առաջին նշանները բժիշկները հայտնաբերել են 1963 թ.-ին, և նրանց վերջնական վճիռն այն էր, որ նրան մնացել է ապրել 2.5 տարուց ոչ ավել: Սակայն, բարեբախտաբար, բժիշկները սխալվել էին և նա ապրեց մինչև 76 տարեկան:
1985 թ.-ին Սթիվեն Հոքինգը ծանր հիվանդանում է թոքաբորբով և նրան ստիպված շնչափողահատում են անում, որից հետո նա դադարում է խոսել: 24-ժամյա հսկողություն իրականացնելու համար նրա համար բուժքույր էին վարձել (ով, ի դեպ, դարձավ նրա երկրորդ կինը):
Խոսելու որևէ հնարավորություն չունենալու պատճառով Հոքինգը հնարեց դեմքի արտահայտությունների օգնությամբ շփման տարբերակը: Այնուհետև ընկերները նրան նվիրեցին խոսքի սինթեզատոր, որի սենսորն արձագանքում էր Հոքինգի աջ ձեռքի մատի շարժմանը: Սակայն, երբ մատը դադարեց շարժվել, սենսորը ամրացրին նրա այտի մկանին, որը շարժունակ էր: Խոսքի սինթեզատորը թույլ էր տալիս ընտրել տառեր և արտահայտություններ:
Սթիվեն Հոքինգի կյանքի մասին ամենից քիչ ակնկալվող փաստերից մեկն այն է, որ նա մանկական գրքերի հեղինակ է: 2007 թվականին Սթիվենը և նրա դուստր Լյուսի Հոքինգը միասին գրել են «Ջորջի տիեզերքի գաղտնի բանալին»:
Եթե նրա մանկական գրքերը շատերին հայտնի չեն, ապա քիչ մարդիկ կգնտնվեն, ովքեր չեն լսել կամ կարդացել նրա հայտնի խոսքերը, որոնք թևավոր խոսքեր են դարձել: Նշենք դրանցից մի քանիսը.
Վաղաժամ մահվան հեռանկարը ինձ ստիպեց հասկանալ, որ կյանքը արժե ապրել:
Իմ նպատակը շատ պարզ է. ես ուզում եմ հասկանալ տիեզերքը, ինչպես է այն ձևավորված, և ինչու ենք մենք հենց այստեղ:
Ամբողջ կյանքս զարմացել եմ այն հիմնական հարցից, որի հետ մենք բախվում ենք ամեն օր և փորձել եմ գտնել դրա գիտական պատասխանը: Թերևս գուցե այդ պատճառով է, որ ես ավելի շատ գիրք եմ վաճառել ֆիզիկայի մասին, քան Մադոննան՝ սեռական կյանքի մասին:
Այնտեղ, որտեղ կա կյանք, կա նաև հույս:
Մեր ունեցած բոլոր համակարգերից ամենաբարդը թերևս մեր սեփական մարմինն է:
Դպրոցում գիտությունը սովորաբար սովորեցնում են չոր և անհետաքրքիր: Երեխաները սովորում են մեխանիկորեն հիշել, որպեսզի հանձնեն քննությունը և չեն տեսնում գիտության հետ իրենց շրջապատող աշխարհի կապը: