Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի առիթով Մեծ Բրիտանիան դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ շփումները, այդ թվում՝ չեղարկում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված Լոնդոն այցելելու հրավերը: Այս մասին չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ին։
Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ։
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը դիտավորյալ թունավորել են նյարդապարալիտիկ գազով Լոնդոնից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սալսբուրի ավանում։ Նրանք այժմ ծայրահեղ ծանր վիճակում են:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: