Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, ով դատապարտվել էր պետական դավաճանության համար, մարտի 4-ին դստեր հետ միասին Սոլսբերիում (Բրիտանիա) հայտնաբերվել էր անգիտակից վիճակում: Սկրիպալը Բրիտանիայում ապաստան էր ստացել դեռ 2010թ.՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հետախույզների փոխանակումից հետո:
Բրիտանիայի իշխանությունների տվյալներով՝ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդակաթվածային նյութով: Ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում՝ վարչապետ Թերեզա Մեյն ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին՝ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ: Ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել է այդ մեղադրանքները:
Լոնդոնում ՌԴ դեսպանությունը «Ֆորին օֆիսին» ուղղված պաշտոնական հայտագրում նշել է, որ անհրաժեշտ է համատեղ հետաքննություն անցկացնել, սակայն Բրիտանիայում Ռուսաստանի առաջարկը չեն ընդունել, փոխարենը ներկայացրել են վերջինիս դեմ ձեռնարկվելիք դիվանագիտական և քաղաքական միջոցառումները.
- Բրիտանիան կպահանջի 23 ռուս դիվանագետների հեռանալը երկրից,
- կչեղարկի Լոնդոն այցելելու՝ Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը,
- Բրիտանիա ժամանող՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանի,
- Բրիտանիայի թագավորական ընտանիքն ու պաշտոնատար անձինք չեն մեկնի Ռուսաստան՝ ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, և այլն, հայտնում է BBC-ն:
Մերժելով Ռուսաստանի՝ համագործակցության առաջարկը, պաշտոնական Լոնդոնը հրաժարվել է նաև Ռուսաստանին ուղարկել նյարդակաթվածային նյութի նմուշը: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:
Այս մեղադրանքներն ու հայտարարությունները Ռուսաստանի արտգործնախարարությունն անպատասխան չի թողնում. մասնավորապես, ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սկրիպալի գործն Արևմուտքն ուզում է կապել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հետ՝ «այժմ էլ ներկայացնելով՝ իբր Ռուսաստանը քիմիական զենք է օգտագործել Բրիտանիայի տարածքում»: Իսկ Բրիտանիայի կողմից համագործակցության առաջարկի մերժումը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, նպատակ ունի թաքցնել դեպքի իրական հանգամանքները:
Ռուսաստանի արձագանքների արդյունքում ավելի են սրվում հարաբերությունները Մոսկվայի և Լոնդոնի միջև:
Բացի այդ, Լոնդոնն իր թիկունքում զգում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը: Մասնավորապես, Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իրենք մտադիր են համաձայնեցնել արձագանքն այդ միջադեպի վերաբերյալ Բրիտանիայի իշխանությունների հետ, իսկ ԱՄՆ-ում նշել են, որ ռուս դիվանագետների նկատմամբ Լոնդոնից հեռանալու պահանջն արդարացի է: Այս ամենը լարվածության թուլացում բնավ չի խոստանում:
Հարաբերությունների լարվածության ֆոնին Ռուսաստանը որպես պատասխան գործողություններ որոշել է կրճատել ՌԴ-ում բրիտանական դիվանագիտական կորպուսի կազմը: Չի բացառվում նաև Բրիտանիային մատակարարվող գազի ծավալների կրճատումը:
Ըստ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական հայտարարության՝ Մոսկվայի և Լոնդոնի միջև հարաբերությունների սրման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Մեծ Բրիտանիան: