Յակուտսկի Մագան օդանավակայանից թռիչք կատարած Ան-12 բեռնատար օդանավից օդի հոսանքը պոկել է բեռնահորի փեղկը, որի պատճառով թափվել են օդանավում գտնվող ոսկու ձուլակտորները:
Ինչպես հայտնում է YakutiaMedia գործակալությունը` Ան-12 ինքնաթիռը, որը ոսկի, ադամանդ և պլատին է տեղափոխելիս եղել, պատկանում է «Նիմբուս» ավիաընկերությանը: Թռիչքից առաջ մասնագետներն օդանավը ստուգել են: Նրանց խոսքով՝ օդանավը սարքին է եղել:
Բեռի մի մասը հայտնվել է օդանավակայանի թռիչքուղում։ Միջադեպից հետո անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Յակուտսկ։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Մագանի օդանավակայանում:
Տեղի ունեցածի հետ կապված ուժայինները շրջափակել են վայրը, ոստիկանական ուժեղացված հսկողություն է հաստատվել նաև Յակուտսկի օդանավակայանում:
Նշվում է, որ ոսկին յուրացնող անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն։