ՀԱՊԿ ԽՎ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը. Էդուարդ Շարմազանով

15:14     16 մարտի, 2018

Սանկտ Պետերբուրգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

ՀՀ ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ կողմերը կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ամրապնդումը, անդրադարձել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտություններին: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:

«Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական հայտարարություններն ու գործողությունները դատապարտելի են: ՀԱՊԿ ԽՎ-ը պարտավոր է խիստ արձագանքել դրանց»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի վերջին զորավարժություններն իրականացվում են միջազգային չափանիշների խախտումով:

Հանդիպման ընթացքում կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել ռազմական հռետորաբանության անթույլատրելիության հարցում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը և ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: 

 


© armedia.am