Ռումինիայի Վասլույ շրջանի 63-ամյա բնակիչ Կոնստանտին Ռելիուն, ով 2016 թվականին մահացած է ճանաչվել, չի կարողացել դատարանում ապացուցել, որ ինքը ողջ է, և չեղարկել սխալմամբ տրված մահվան վկայականը: Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին հայտնում են ռումինական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնում է Agerpres գործակալությունը, տղամարդը տանուլ է տվել դատական գործընթացը, քանի որ չափազանց ուշ է դիմել, և այսուհետ նա իրավական տեսանկյունից գոյություն չունի:
«Փաստաթղթերով ես մահացած եմ՝ չնայած որ ողջ եմ: Չունեմ եկամտի որևէ աղբյուր: Քանի որ համարվում եմ մահացած, չեմ կարող աշխատանքի ընդունվել, ոչինչ չեմ կարող անել այս երկրում», - հայտարարել է Ռելիուն դատական լսումից հետո:
Ռելիուն 1992 թվականին Ռումինիայից մեկնել է Թուրքիա արտագնա աշխատանքի: Ընտանիքի անդամների հետ վեճերի պատճառով նա կորցրել է հարազատների հետ կապը:
2013 թվականին նրա կինը դատարան է դիմել ամուսնուն մահացած ճանաչելու խնդրանքով, քանի որ երկար ժամանակ ամուսնուց որևէ տեղեկություն չի ստացել: Կնոջ դիմումը բավարարվել է 2016 թվականին:
2018 թվականին թուրքական իշխանությունները հայտնաբերել են, որ Ռելիուի փաստաթղթերը, որոնցով նա գտնվում է Թուրքիայի տարածքում, ժամկետանց են և նրան հետ են ուղարկել Ռումինիա: Երկիր ժամանելով` պարզվել է, որ նա համարվում է մահացած: Արդարությունը վերականգնելու համար տղամարդը ստիպված կլինի դատարան դիմել նոր հայցով: