Դոնբասի ապաբռնազավթման մասին օրենքի ուժի մեջ մտնելով՝ Հակաահաբեկչական գործողությունն իրավաբանական տեսանկյունից ավարտված է համարվում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ընդգծելով, որ «Հակաահաբեկչական գործողության արդյունքում ազատագրվել է Դոնբասի երկու երրորդը»:
Պորոշենկոյի խոսքերով՝ նոր օրենքում շարադրված է Դոնբասի՝ Ուկրաինային վերաինտեգրման ռազմավարությունը: Այն թույլ է տալիս պետության ղեկավարին ռազմական դրություն հայտարարել և զորք մտցնել ցանկացած տարածք ցանկացած ժամանակահատվածով: Փաստաթղթով Ռուսաստանը պաշտոնապես ճանաչվում է «Դոնեցկը և Լուգանսկը բռնազավթած երկիր»:
Պետք է նկատել, սակայն, որ Դոնբասում Հակաահաբեկչական գործողությունը փոխվում է ֆորմալ կերպով միայն: «Մենք փոխում ենք այդ գործողության ձևաչափը, ղեկավարությունն անցնում է Ուկրաինայի զինված ուժերին: Գործողությունը փոխվել է Միավորված ուժերի գործողությունով», - նշել է Պորոշենկոն:
Դոնեցկում և Լուգանսկում հակաահաբեկչական գործողությունն ավարտելու մասին դեռ փետրվարի 22-ին հայտարարել էր Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն: Նրա խոսքերով՝ գործողության ձևաչափի փոփոխությունը թույլ կտա «ավելի արդյունավետ և իրավական դաշտի շրջանակներում» կիրառել զինված ուժերը:
Նշենք, որ հակաահաբեկչական գործողությունը դարձել է «ազգային անվտանգության և պաշտպանության, ՌԴ զինված ագրեսիան զսպելու և դրան հակադարձելու միջոցառումներ», որի շրջանակներում Ազգային գվարդիայի, բանակի, Ուկրաինայի անվտանգության ծառայության, հետախուզության, սահմանապահ ծառայությունների և պետական պարեկային ծառայության ողջ անձնակազմը և զենքը պետք է ենթարկվեն Ուկրաինայի Զինված ուժերի միավորված օպերատիվ շտաբին:
Փորձագետների կարծիքով՝ նման փոփոխությունը դրականորեն կանդրադառնա Ուկրաինայի հեղինակության վրա, քանի որ երկրի արևելքում բանակի կիրառումը իրավական հիմքեր է ստանում: Կիևի պնդմամբ՝ նոր օրենքը չի հակասում Մինսկի համաձայնագրերին: Միևնույն ժամանակ Մոսկվայում կարծում են` այն չի կարող նպաստել Մինսկի համաձայնագրերի իրականացմանը: