Արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկոն խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին։
«Սա նոր մարտահրավեր է ինձ համար։ Ստացել եմ հնարավորություն, որից կփորձեմ օգտվել։ Տեսնենք, թե ինչ կստացվի։
Մորական կողմս հայ է։ Պապիկիս ընտանիքն ապրել է Հայաստանում, իսկ հիմա նրանք Արգենտինայում են։ Հայաստանից ինձ հետ կապ են հաստատել գործակալ Վալտեր Սաֆարյանի միջոցով։ Նա ասաց, որ ցանկանում են զրուցել ինձ հետ։ Նրանք զրուցել են Սաֆարյանի հետ և իմացել, որ հայ եմ։
Հայերենը բարդ լեզու է։ Գրի եմ առել կարևոր բառերը, որոնք ինքնաթիռում կկրկնեմ Հայաստան մեկնելիս։
Մտադիր եմ խնդրել Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը: Բացի այդ, ինձ ասել են, որ նա խոսում է իսպաներեն և միակ մարդն է, որի հետ կարող եմ հաղորդակցվել այդ լեզվով»,- արգենտինահայ հարձակվողի խոսքը մեջբերում է «Աթլետիկո Ուրականի» կայքը, փոխանցում է News.am-ը:
Հիշեցնենք, որ Բրիասկոն հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի (մարտի 24) և Լիտվայի (մարտի 27) դեմ Երևանում կայանալիք ընկերական հանդիպումներին: