Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ

15:18     19 մարտի, 2018

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամների և ամերիկացի փորձագետ Ջոն Վոդաչի հետ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքը: Նախագիծը մշակման երկար փուլ է անցել և այժմ էլ անհրաժեշտություն կա ուսումնասիրելու միջազգային փորձը: Հանձնաժողովականներն ամերիկացի փորձագետի հետ քննարկել են սոցիալական այս խմբին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները: Անդրադարձ է կատարվել այն խոչընդոտներին, որոնք ի հայտ են եկել օրենքի կիրառման ճանապարհին: Օրենքն առավել ճկուն և նպատակային դարձնելու համար, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, կան հստակ ուղղություններ, որոնց շուրջ պետք է իրականացվեն աշխատանքներ: Դրանք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն է, զբաղվածության, կրթության հասանելիության ապահովումն է, ինչպես նաև հանրային տրանսպորտի մատչելիությունն ու հարմարեցվածությունը:

Առաջիկայում ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կանցկացնի խորհրդարանական լսումներ՝ վերոնշյալ խնդիրները քննարկելու համար:


© armedia.am