Yandex.Taxi ծառայությունը գործարկվել է Հայաստանի ևս 5 քաղաքում` Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Սպիտակում և Արթիկում: Այսուհետ այս քաղաքների բնակիչներն ու զբոսաշրջիկները կարող են տաքսի պատվիրել բջջային հավելվածի կամ taxi.yandex.com կայքի միջոցով, հաղորդում է PanArmenian-ը։
Yandex.Taxi-ն ավտոմատ կերպով որոշում է օգտատիրոջ գտնվելու վայրը և պատվերն առաջարկում այն վարորդին, որն ամենաարագը կմոտենա պատվիրատուին. հավելվածը հաշվի է առնում հեռավորությունը և ճանապարհային իրավիճակը: Տաքսու սպասման միջին ժամանակը 3-5 րոպե է, մեքենայի մոտեցմանը կարող եք հետևել հավելվածում առկա քաղաքի քարտեզի միջոցով։
Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Սպիտակում և Արթիկում երթևեկության նվազագույն արժեքը չի գերազանցում 200 դրամը։ Արժեքի մեջ ներառված է մեքենայի մոտեցման և ճանապարհի 2 կմ-ի արժեքը, այնուհետև, մեկ կիլոմետրը' առավելագույնը 100 դրամ: Օրինակ, Սպիտակում 200 դրամով կարելի է Սուրեն Ավետիսյան փողոցից հասնել Ալեք Մանուկյան փողոց, իսկ Հրազդանում' քաղաքապետարանի շենքից մինչև Սպանդարյան 5 հասցե։