Նովրուզի ընթացքում դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ կապված մարտ-ապրիլ ամիսներին, իրականցվող կանոնավոր չվերթներին զուգահեռ, «Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ղեշմ էյր» ավիաընկերությունների կողմից կատարվելու է հավելյալ 40 չվերթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Կանոնավոր չվերթներն իրականացվում են «Մահան էյր» և «Իրան Ասեման» ավիաընկերությունների կողմից, որոնք ևս չվերթներ կավելացնեն: «Այսօրվանից մինչև մարտի 24-ը «Մահան էյրն» իրականացնելու է 5 չվերթ, «Իրան Ասեմանը»՝ 2 չվերթ, մարտի 25-ից «Իրան Ասեմանը» թռիչքները կիրականացնի շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ «Մահան Էյրը»՝ շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ», - ասել է նա:
Անդրադառնալով 2017 թվականին Նովրուզ տոնի ընթացքում զբոսաշրջային հոսքին, ՝ Սաթենիկ Հովհաննիսյանը նշել է, որ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևորի:
Նշենք, որ 2017 թվականին Իրանից օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 220 հազար այցելու, որը 16 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից: