Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ծննդյան օրն անցկացնում է Տոկիոյում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով: Մարտի 21-ին լրացել է նրա 68-ամյակը:
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տարո Կոնոն «ջերմորեն շնորհավորել է ռուս պաշտոնակցին՝ աշխատանքային լանչն ավարտելով տոնական տորթով՝ ֆուտբոլի գնդակի տեսքով», փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Լավրովն էլ իր հերթին ճապոնացի նախարարին նվիրել է ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, որն ամռանն անցկացվելու է Ռուսաստանում: Լավրովը հայտնի է ֆուտբոլի նկատմամբ իր սիրով: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը «Սպարտակ» մոսկովյան ակումբի երկրպագուն է և, ինչպես ինքն է ասում, ջանում է շաբաթական գոնե մեկ անգամ ֆուտբոլ խաղալ: