Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու հարցը, հաղորդում է Ermenihaber-ը։
Դողանը մեջլիսի ղեկավարությանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ հետաքրքրվելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին:
Դողանը թուրք նախարարին ուղղել է հետևյալ հարցադրումները.
«Ֆիլմն արդյո՞ք ուսումնասիրվել է Ձեր նախարարության կողմից: Եթե ուսումնասիրվել է, ապա ֆիլմի ո՞ր դրվագներում են առկա արգելքի համար հիմք հանդիսացող տարրեր: Եթե այդպիսի հիմքեր կան, ապա դրանք գործող օրենսդրության ո՞ր հոդվածներն են խախտում»:
Դողանն ավելացրել է նաև, որ կինոփառատոնի թեմային համապատասխանող և կնոջ ապրած անձնական դրամայից բացի այլ բան չպարունակող ֆիլմի ցուցադրության արգելքը կարելի է դիտել որպես պատասխան այն հարցին, թե ինչու է Թուրքիան մինչև հիմա գիտության, արվեստի ու սպորտի բնագավառներում հետ մնացել միջազգային չափանիշներից: