Չինաստանից, Իրանից և այլ երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչները հավաքվել են Երևանի կենտրոնում աշխարհի ամենաերկար, հայկական ավանդական գաթան համտեսելու համար։
40 մետր երկարություն և 40 սմ հաստություն ունեցող գաթան կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Նախաձեռնության հեղինակը «Երեմյան Փրոջեքթսն» է։
Հրուշակագործները ռեկորդային քաղցր գաթան թխել են երկու օրում, իսկ նախապատրաստական աշխատանքները մեկ շաբաթ են տևել։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության PR մարքեթինգի ղեկավար Անահիտ Գևորգյանի խոսքով՝ ընկերության գործունեությունն ուղղված է ավանդական հայկական մշակութային արժեքների տարածմանը։
«Ընտրեցինք ամենասիրված և ավանդական թխվածքներից մեկը` գաթան։ Միշտ փորձում ենք առանձնահատուկ ներկայացնել մեր ազգային խոհանոցը։ Գաթան բացառություն չէ. ավանդական միջուկը` խորիզը, այստեղ փոխարինվել է տարատեսակ հայկական չրերով և նուշով», - Sputnik Արմենիային է ասել Գևորգյանը։