ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 21-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով խորհրդարան էր այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի բաժինը:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանի ծավալած գործունեությունը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Իտալիան ժողովրդավարության և խորհրդարանական կառավարման առումով օրինակելի երկիր է:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Իտալիայում հայկական համայնքի առկայությունը և երկու երկրների մշակութային սերտ կապերի դերը միջպետական կապերի խորացման գործում:
Արա Բաբլոյանի համոզմամբ՝ անհրաժեշտություն կա օրենսդիրների միջև կապերն աշխուժացնելու և խթանելու խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը:
Ջովաննի Ռիչուլլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը վերջին երկիրն է, որտեղ ինքը դիվանագիտական առաքելություն է իրականացնում: Դեսպանի խոսքով՝ երիտասարդ պետականություն, բայց հնագույն պատմություն ունեցող այս երկիրն իր համար դարձել է հոգեհարազատ:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ նախորդ տարի ստորագրված համաձայնագրին՝ Ջովաննի Ռիչուլլին կարևորել է Հայաստանի՝ եվրոպական համայնքին անդամակցելու կամքն ու ցանկությունը:
Նա վստահություն է հայտնել, որ հաջորդ դեսպանը նույնպես կսիրի Հայաստանը և կկարողանա նպաստել երկու ժողովուրդների, ինչպես նաև պետությունների ու խորհրդարանների միջև հարաբերությունների առավել խորացմանը:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: