Էստոնիայի և Լիտվայի դեմ առաջիկա խաղերի ընթացքում հավաքականն անելու է ամեն բան հաղթանակի համար: Այս մասին Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալիս «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՝ անդրադառնալով հավաքականում առկա տրամադրությանն ու սպասելիքներին:
«Տրամադրությունը միշտ բարձր է: Փորձելու ենք հաղթել այդ երկու խաղերում: Չնայած որ լինելու են մարտավարական փոփոխություններ, ֆուտբոլիստների փոփոխություններ, սակայն դա չպետք է ազդի հաղթանակի ցանկության վրա: Կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին»,- ասել է Մխիթարյանը:
Անդրադառնալով նաև հավաքականի նորեկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին՝ նա մասնավորապես նշել է. «Բալեկյանի մասին շատ լավ կարծիք ունեմ, շատ լավ է մերվում հավաքականի մարզումներին: Հուսով ենք՝ խաղերում շատ մեծ օգուտ կտա»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 27-ին Երևանում ընկերական հանդիպումներ կունենա Էստոնիայի և Լիտվայի հետ: