Մարտի 20-ին հայտարարվեց այն մասին, որ ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ 2007թ. նախագահական ընտրություններում սեփական քարոզարշավի համար Լիբիայի, ավելի կոնկրետ՝ Մուամար Քադդաֆիի կողմից անօրինական ֆինանսավորում ստանալու կասկածանքով:
Դեռ 2012թ.-ին ֆրանսիական մամուլում հայտնվել էին տեղեկություններ այն մասին, թե Սարկոզին Լիբիայի իշխանություններից 50 մլն եվրո է ստացել՝ կազմակերպելու նախընտրական քարոզարշավը: Այս հարցով դատական գործը Ֆրանսիայում դեռևս փակված չէ:
2016թ. ֆրանս-լիբիական ծագում ունեցող գործարար Զիադ Տակիեդինը հարցաքննության ժամանակ ասել էր, որ 2006-2007թթ. մի քանի անգամ Լիբիայից Ֆրասիայի ՆԳՆ է տեղափոխել մեծ գումար: Այդ ժամանակ հենց Սարկոզին էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը, ինչպես նաև առաջադրել էր իր թեկնածությունը երկրի նախագահական ընտրություններում:
Իսկ Մուամար Քադդաֆիի որդին պնդել է, որ կարող է ցուցմունք տալ Սարկոզիի դեմ:
Չնայած որոշ փաստերի առկայությանը՝ Նիկոլա Սարկոզին ժխտել է բոլոր մեղադրանքները՝ սպառնալով հայց ներկայացնել դատարան՝ իրեն զրպարտելու համար:
Սարկոզիի կուսակցությունն իր հերթին պաշտպանել է նրան՝ նշելով, թե ֆրանսիական արդարադատությունն իրականցնում է ընտրողական գործողություններ՝ պայմանավորելով դրանք կուսակցական պատկանելությամբ:
Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ Սարկոզին, ըստ որոշ աղբյուրների, 48 ժամից ազատ է արձակվել: Հավանաբար, դեռ չկան հստակ փաստեր, որոնք կապացուցեին Սարկոզիի օրինախախտումը:
Հետաքրքրական է, որ Ֆրանսիայում շատ են խոշոր քաղաքական գործիչները, որոնց մեղադրում են նախընտրական քարոզարշավի համար անօրինական ֆինանսավորում ստանալու մեջ: Նման գործերը սովորաբար ավարտվում են պայմանական ժամկետների սահմանմամբ:
Ուստի Սարկոզին այս գործում միակը չէ, բացի այդ սա առաջին դեպքը չէ, երբ նրա դեմ նման մեղադրանք է ներկայացվում:
Սա, հավանաբար, իրավական հարց է և ոչ թե քաղաքական: Այս մասին վկայում է առնվազն երկու հանգամանք: Նախ, ինչպես նշեցինք, այս մեղադրանքները նոր չեն, և այս հարցը քննարկվում է դեռ 2012թ.-ից: Երկրորդ, Ֆրանսիայում մոտ ժամանակներս ընտրություններ չեն անցկացվելու, ուստի որևէ կուսակցության կամ գործչի հեղինակազրկելու կարիք քաղաքական իմաստով չկա: