ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զարմացել է, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նա հայտարարել է, որ մոտ ապագայում Պուտինի հետ հանդիպում է ակնկալում, գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Վերջինիս փոխանցմամբ՝ մինչ այդ երկու երկրների նախագահների հանդիպման մասին խոսակցություններ չեն եղել, բացի այդ նրանց ժամանակացույցերը մինչև նոյեմբերին Արգենտինայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողով չեն համընկնում:
Հիշեցնենք, մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության մոտ: Նշենք, որ չնայած Թրամփի վարչակազմը Թրամփի սեղանին գրություն էր թողել՝ «ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ», սակայն Թրամփը շնորհավորել է: Սա մեծ վրդովմունք էր առաջացրել ամերիկյան քաղաքական գործիչներից շատերի մոտ: Թրամփին նաև խորհուրդ են տվել քննադատել Ռուսաստանին Սկրիպալի գործի կապակցությամբ, սակայն այս խորհուրդը ևս նա անտեսել է:
Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը կոշտ քննադատության է ենթարկել Թրամփին։ «Ամերիկայի նախագահն իր հետևից չի տանում ազատ աշխարհը՝ շնորհավորելով կեղծ ընտրություններում բռնապետերի տարած հաղթանակը։ Վլադիմիր Պուտինի նկատմամբ այդպես վարվելով՝ նախագահ Թրամփը վիրավորեց Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ով զրկված է ազատ և արդար ընտրություններում քվեարկելու իրավունքից», - գրել է Ջոն Մակքեյնը Twitter-ի իր էջում։
ԱՄՆ քաղաքական շրջանակներին հատկապես վրդովեցրել է այն հանգամանքը, որ Թրամփը Պուտինին շնորհավորել է Սկիպալի գործի, ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության և վերջինիս համատեքստում ՌԴ դեմ սանկցիաների երկարաձգման ֆոնին, երբ ԱՄՆ-ը ՌԴ նկատմամբ դիրքորշման կոշտացման հստակ քաղաքականություն է տանում:
Նշենք, որ Ռուսաստանում միանգամայն հանգիստ են ընդունում Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը: ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բանդարևը կոչ է անում չուռճացնել այդ հեռախոսազրույցի նշանակությունը կամ գոյություն չունեցող նշանակություններ չտալ:
Այս կապակցությամբ պետք է նկատել, որ թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական փորձագետներն արձանագրում են, որ Թրամփի այս քայլն ավելի շատ խոսում է ԱՄՆ-ում քաղաքական ճգնաժամի մասին: «Կարծում եմ՝ Թրամփն անկանխատեսելի է ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև ԱՄՆ իր գործընկերների համար», - այս կապակցությամբ նշել է քաղաքական վերլուծաբան Ռուսլան Օստաշկոն:
CNN-ի վերլուծաբաններ Ստեֆան Քլինսոնն ու Զաքարի Քոհենն այս կապակցությամբ իրենց համատեղ վերլուծությունում գրում են. «Փաստացի, Թրամփը Ռուսաստանի առաջնորդի հետ խոսեց այնպես, կարծես ինքը գործում է այլընտրանքային իրականությունում՝ ի տարբերություն Արևմուտքի և Վաշինգտոնի մնացած հատվածի, որտեղ զայրույթը եռում է Ռուսաստանի կողմից ընտրություններին միջամտելու կապակցությամբ և մտավախություն կա նրա ռազմական հզորացման հետ կապված»:
Ավելացնենք, որ Թրամփն անձամբ իր այս քայլը բացատրել է մի շարք առանցքային հարցեր լուծելու նպատակով Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: