Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում չորրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 26-ին կանցկացվի նախավերջին՝ 13-րդ տուրը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը կչափի ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ, որը ռուս Սերգեյ Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18։00-ին։
Առաջին շրջանում Արոնյանը սպիտակներով պարտվել է Կարուանային։
Նախորդ 12 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 5 պարտություն, 6 պարտիա ավարտել ոչ ոքի և 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ) - Լևոն Արոնյան (Հայաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)
Դին Լիրեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Մրցաշարային դրությունը 12-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 7-ական միավոր, Դին Լիրեն, Գրիշչուկ, Մամեդյարով՝ 6.5-ական, Կրամնիկ՝ 5.5, Սո՝ 5, Արոնյան՝ 4:
Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին և 15 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:
Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին է:
Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։