Թուրք պատմաբան, գրող և ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի ուսանողների հետ կքննարկի իր գիրքը՝ «Սպանելու հրամանները: Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» վերնագրով, հայտնում է «Ռուսարմինֆո»-ն:
«Հանդիպումը կազմակերպված կլինի Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի, Թուրքիայի գիտահետազոտական ինստիտուտի, Հայաստանի ուսումնասիրության ազգային ասոցիացիայի և Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կողմից»,- գրել է թուրք պատմաբանը ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ Աքչամը հայտնել էր, որ Կոլումբիայի համալսարան է գալու Խոսքի ազատության լոնդոնյան կենտրոնից, որտեղ ևս դասախոսություններ է ունեցել Հայոց ցեղասպանության թեմատիկայով: