Հայաստանում արտադրված նոր սարքը թույլ է տալիս հայտնաբերել հակառակորդին նրա իսկ օպտիկական սարքավորումների շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է հայ-հունական LT-Pyrkal ընկերության ներկայացուցիչ Պետրոս Գասպարյանը։ Նրա ընկերությունը ներկայացված է Երևանում անցկացվող ArmHiTec 2018 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին։
Այն գտնում է հակառակորդի օպտիկական սարքերը, այդ թվում՝ դիպուկահարների նշանառու սարքերը` նրանց անդրադարձած (թեկուզ և փոքր) փայլով։
«Սարքը բավականին արդյունավետ է ու ազդեցության բավարար շառավիղ ունի։ Այն արդեն փորձարկվել է դաշտային պայմաններում», - հավելել է Գասպարյանը։
Ընկերությունը մշակել է նաև սաղավարտի վրա հագցվող համակարգիչ։ Համակարգչի հաղորդող սարքերը տեղանքի մասին տվյալներ են փոխանցում միկրոէկրանի վրա։ Իսկ էկրանին կարելի է նայել օկուլյարի միջոցով։ Այսինքն՝ սաղավարտը հագնելիս՝ մեկ աչքով կարելի է հետևել մոնիտորին։