ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է պարտավորեցնել օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են մշտական բնակության իրավունք ստանալ Միացյալ Նահանգներում, ներկայացնել վերջին հինգ տարում Twitter-ից և Facebook-ից օգտվելու պատմությունը, հայտնել է CNN-ը:
Այս միջոցը կոչված է ի շահ ազգային անվտանգության խստացնել այն օտարերկրացիների ստուգման համակարգը, որոնք ձգտում են հիմնավորվել ԱՄՆ-ում: Պետդեպարտամենտն այն կարծիքին է, որ նորամուծությունն անմիջականորեն կվերաբերի 15 մլն մարդու, փոխանցում է «Արմենպրեսը»:
Բացառություն կարվի դիվանագետների և պաշտոնատար անձանց համար: Իշխանությունները մտադիր չեն նորույթն ուժի մեջ դնել անհապաղ: Կտրամադրվի 60-օրյա ժամկետ, որպեսզի վերլուծվի լայն հասարակայնության արձագանքը:
Ինչպես պարզաբանում է հեռուստաընկերությունը, Թրամփի վարչակազմը սոցցանցերում միգրանտների ակտիվությունն ավելի հանգամանորեն ստուգելն անհրաժեշտ է համարում Սան-Բեռնանդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) կատարված ահաբեկչական գործողությունից հետո: Ինչպես պարզվել Է ավելի ուշ, ահաբեկիչներից մեկին օրինականորեն ընդունել են ԱՄՆ, թեև նա ծայրահեղական հայացքներ Է քարոզել սոցիալական ցանցերում: