Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցով այս տարի նշվում է ապրիլի 1-ին։ Մեծ Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը հայ ժողովրդի կողմից ամենասիրված տոներից է, որը եկեղեցական օրացույցով (325թ Նիկիայի տիեզերաժողովի որոշմամբ) կատարվում է գարնանային գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:
«Արմեդիա ՏՎԳ»-ն Սուրբ Հարության տոնի, նրա խորհրդի և ավանդույթների վերաբերյալ զրուցել է Սուրեն Սարկավագի հետ:
— Բարեշնո'րհ Սուրեն Սարկավագ, Ս. Զատիկի տոնին շատերը տարվում են նախապատրաստական աշխատանքներով՝ մոռանալով հոգևոր կողմի մասին: Ո՞րն է Ս. Զատիկի տոնի խորհուրդը:
— Այսօր ապրիլի 1-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հարության հրաշափառ տոնը: Սուրբ Հարության տոնը կարելի է համարել եկեղեցական ամենակարևոր տոներից մեկը, որն իր մեջ ամփոփում և մարդկությանն է ներկայացնում Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փրկագործական խորհուրդը: Մարդիկ Սուրբ Հարության տոնից առաջ արդեն իսկ պատրաստվում են այս մեծագույն արարողությանը: Եկեղեցու Սուրբ հայրերը այնքան իմաստուն են եղել, որ եկեղեցական տոնացույցը կազմել են այնպես, որ մարդիկ ոչ միայն մարմնապես, այլև հոգեպես հավասարակշռված և արթուն լինեն: Այլ հարց է, թե մարդիկ եկեղեցական և հոգևոր պատգամներն ինչպես են իրականացնում իրենց առօրյայում:
Խոհեմ մարդիկ բավական երկար են պատրաստվում Քրիստոսի Հարության տոնին: Բազում վկայություններ կան, որտեղ նկարագրվում են, թե մարդիկ ինչպես էին պատրաստվում եկեղեցի այցելելուն: Նրանք եկեղեցուն էին հատկացնում իրենց ունեցած թանկարժեք և սիրելի հագուստները, երկար օրեր պահք ու ծոմ էին պահում, ամեն օր Աստվածաշունչ կարդում: Այսօր շատերը լրջորեն պատրաստվում են միայն զվարճանքի վայրեր այցելելու համար: Ահա Սուրբ Հարության տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչպես պետք է ապրի յուրաքանչյուր քրիստոնյա անձ:
Տոնի խորհուրդը հասկանալու համար հարկավոր է կարդալ Աստվածաշունչ, ուսումնասիրել եկեղեցու պատմություն: Ահա ճանապարհը, որով կարելի է տեսանելի կերպ հասկանալ, թե ինչու Հիսուս Քրիստոս առավ Մարդու ցավն ու Հարություն առավ:
Եկեղեցական հայրերից Աթանաս Ալեքսանդրացին ասել է. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն Աստվածանա»: Սուրբ Հարության տոնի խոհուրդն հենց այն է, որ մարդուն տրված է ներում ստանալու շնորհը և սրբակյանց ապրելու հնարավորությունը:
— Ի՞նչ փոփոխություններ են կրել տոնի հետ կապված ավանդույթները ժամանակի ընթացքում:
— Սուրբ Հարության տոնը ծիսակատարության և ավանդության առումով որևէ փոփոխություն չի կրել: Սակայն ժողովրդական սովորույթների և ավանդույթների մեջ եղել են որոշ փոփոխություններ: Սովորաբար մարդիկ փորձում են եկեղեցական ծեսերն ու ավանդությունները հարմարեցնել իրենց կենցաղին՝ ավելի դյուրացնելով դրանք: Ժամանակին մարդիկ երեք ժամ կարող էին կանգնած լսել պատարագ, աղոթել ու չզգալ ժամանակը, իսկ այսօր երկար կանգնելուց հոգնում են, տրտնջում: Անգամ պահքի ժամանակ մարդիկ փոխել են իրենց մոտեցումը, ու կարծում են պահքը միայն սնունդից հրաժարվելն է, սակայն պետք է գիտակցել, որ պահքի առաջին իսկ պայմանը հոգևոր զսպվածությունն է. հարկավոր է մտածել հոգևոր պահքի մասին և դա պահել նախևառաջ:
— Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին Ս. Զատիկի տոնի կապակցությամբ:
— Խաղաղություն եմ մաղթում ամենքիս:
Իսկ խնդրանքս է՝ ավելի շատ մնացե՛ք հայ եկեղեցու ու Սուրբ հայրերի հավատքին: Միայն եկեղեցի այցելելով և հոգևորականի խոսքով մի՛ սահմանափակվեք, ուսումնասիրե՛ք Աստվածաշունչ:
Պետք է Սուրբ Հարության տոնին պատրաստված լինենք թե՛ հոգեպես, թե՛ մարմնով: Այցելեք եկեղեցի, աղոթե՛ք ու Ձեր աղոթքներով մաքրվեք մեղքերից, որից հետո միայն կկարողանաք նոր կյանքով, Հիսուսի խոսքվո շարունակել քրիստոնեական կյանքը: