Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը

14:16     30 մարտի, 2018

ՀՀ Ազգային ժողովի այգում մարտի 29-ին նշվել է Հանամի տոնը, տեղի է ունեցել ճապոնական սակուրաների մասին ցուցանակի բացման արարողություն: Վերջինս ազդարարում է, որ ծառերը խորհրդարանի այգում տնկվել են ի նշան հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամության, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Կայացել է նաև  հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի «Հայ-ճապոնական պատմական և մշակութային առնչությունները»  աշխատության շնորհանդեսը:

ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է խորհրդարանում ավանդույթ դարձած միջոցառման կազմակերպումը: Նա   անդրադարձել է նաև ներկայացվող գրքին, որում, ըստ բանախոսի, հեղինակը մանրակրկիտ հավաքել և ի մի է բերել հանրագիտարանային գիտելիքներ, պատմական արժեք ներկայացնող դիպվածներ ու պատմություններ: Պատգամավորի գնահատմամբ` հետաքրքիր և նորովի են ներկայացված հայ-ճապոնական հարաբերությունները:

Արծվի Բախչինյանը շնորհակալություն է հայտնել գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար, անդրադարձել երկու ժողովուրդների ընդհանրություններին, որոնք բազմաթիվ են՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից: «Աշխատությունը չեմ համարում ավարտված, այն շարունակվելու է»,- նշել է գրքի հեղինակը՝ հավելելով, որ դրա վրա սկսել է աշխատել դեռևս 15 տարի առաջ:

Միջոցառմանը յուրատեսակ շունչ է հաղորդել ծառզարդարը, որը ներկայացրել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները՝ զուգորդելով  հայկական Ծառզարդար և ճապոնական Հանամի գարնանային տոները:

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 12-ին «Ճապոնիա-Հայաստան միության», Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի և «Վի ԷՆՆ» ընկերության նախաձեռնությամբ Ազգային ժողովի այգում տնկվել են Ճապոնիայից ներկրված սակուրաներ: Այս տարի ևս միջոցառումը կազմակերպվել էր Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի և «Վի ԷՆՆ» ընկերության ջանքերով:


© armedia.am