Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Օրը սկսվում է «Խավարման կարգ» խորհրդավոր արարողությամբ, որը կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան:
Եկեղեցիների խորանին դրվում են Քրիստոսին և Նրա աշակերտներին խորհրդանշող 13 մոմեր և Ավետարաններից ընթերցվում յոթ հատվածներ Քրիստոսի մատնության, դատապարտության, աշակերտների փախուստի, Պետրոսի ուրացման մասին: Ամեն ընթերցումից հետո հանգցվում են 12 աշակերտների մոմերից երկուսը և վերջում մնում է միայն Քրիստոսին խորհրդանշող մոմը. Տերը միայնակ էր մնացել: Հետևում է Ավագ շաբաթվա ամենախորհրդավոր պահը, երբ մարում են եկեղեցու բոլոր լույսերը և խավարի ու լռության մեջ հնչում է զղջման ու ապաշարության «Տէր, ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին:
Ավագ ուրբաթ տեղի է ունենում նաև Խաչելության կարգը, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո, նախատոնակի արարողության ընթացքում, կատարվում է Թաղման կարգը, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից և ճյուղերից պտտեցվում է եկեղեցու շուրջ` ի տես հավատավոր ժողովրդի: