Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի հետ, հայտնում է «Արմենպրես»-ը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, մասնավորապես խոսվեց միջխորհրդարանական փոխգործակցության, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում երկկողմ կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել Միլուշե Հորսկայի հովանավորությամբ Հայաստանի և Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունների 100-ամյակին նվիրված մշակութային ձեռնարկ կազմակերպելու վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ այցերի կազմակերպման հնարավորությանը, դրանց օրակարգի ձևավորմանը և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին առնչվող հարցերին։
Դեսպան Սեյրանյանը զրուցակցին տեղեկացրել է հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի ապակառուցողական մոտեցումների պատճառով չեղարկելու, Ադրբեջանի ղեկավարի՝ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին շրջանի աննախադեպ ռազմատենչ հայտարարությունների մասին։