Հայերին հրեաների նկատմամբ անհանդուրժողականության մեջ մեղադրելն ակնհայտ սադրանք է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը` անդրադառնալով ամերիկյան ոչ առևտրային Pew Research Center (PRC) կազմակերպության կողմից անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին, ըստ որոնց` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Հայաստանի բնակիչներն ամենաանհանդուրժողն են հրեաների նկատմամբ:
«Ես դա կարդացել եմ և իսկապես զարմացել եմ: Իհարկե, կարող են լինել դեպքեր` հիմնված կենցաղային խնդիրների վրա, բայց, ընդհանուր առմամբ, նման բան լինել չի կարող լինել: Կարծում եմ, դա սադրանք է: Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, և երբեք հայերի կողմից հակասեմականություն չեմ զգացել: Հակառակը, Հայաստանում հրեական համայնքը հայերի հետ աշխատել է, միշտ հանդես է եկել տարբեր համատեղ նախագծերում: Մենք երկար տարիներ է այստեղ ապրում ենք, որևէ խնդիր չի եղել»,- ասաց Ռիմա Վարժապետյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում հրեական համայնքն ունի բոլոր պայմանները, հնարավորությունները սեփական մշակույթը, լեզուն պահպանելու համար: