Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ապրիլի 1–ին հանդիսավոր կերպով նշել է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ խորհրրդանշող Ծաղկազարդը, գրում է Արցախպրեսը:
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության կայքի փոխանցմամբ՝ մարտի 31–ին Երուսաղեմի հայ հոգևորականները «Հրաշափառով» մուտք են գործել Սուրբ Հարության տաճար, որտեղ Քրիստոսի պատանքի քարի և գերեզմանի մոտ երկրպագությունից տեղի են ունեցել ժամերգություն, նախատոնակ և վերջում հանդիսավոր թափոր։
Արդեն բուն Ծաղկազարդին՝ ապրիլի 1–ին, հայ հոգևորականները կրկին հանդիսավոր մուտք են գործել Հարության տաճար և պատարագ մատուցել Հայոց Գողգոթայում, որից հետո միաբան Հայրերը արմավենու ճյուղերը ձեռքներին եռադարձ թափոր են կատարել։ Հայոց թափորին մասնակցել են նաև Հայ եկեղեցուն հետևող Ղպտի և Ասորի եկեղեցիները։
Նշենք, որ Երուսաղեմում կրոնական տոնացույցը հին տոմարով է նշվում։ Երուսաղեմում Հարության տոնը նշվելու է ապրիլի 8–ին։