Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը ափսոսանք է հայտնել Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կապակցությամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին անվանելով «հակասեմիտ» և հայտարարելով Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, հաղորդում է «Ռուսարմինֆո»-ն:
«Իսրայելը պետք է միջազգային ասպարեզում գործեր Թուրքիայի դեմ և ճանաչեր Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Չնայած Իսրայելում կա ազդեցիկ հայկական համայնք, որի դերը հատկապես նկատելի է Երուսաղեմում, հրեական պետությունը հայերի՝ 1915-1917թթ. զանգվածային սպանությունների և տեղահանության փաստը մինչև օրս չի ճանաչել որպես ցեղասպանություն», - ասել է Գիլադ Էրդանը:
Նախարարը նաև ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա ընդդիմություն թուրքական արժեքներին և Էրդողանի «հակասեմականությանը», ով շարունակում է աջակցել Պաղեստինյան դիմադրության շարժմանը:
Էրդանի մեկնաբանությունը հնչել է՝ ի պատասխան Էրդողանի՝ նախօրեին արված հայտարարությանը, որում Թուրքիայի նախագահը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն» և «զավթիչ», իսկ Նեթանյահուին՝ «ահաբեկիչ»: